Աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ հասկանում է տիեզերքի կառուցվածքի բնույթը, սակայն չի հասկանում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրաճանաչության բնույթը, հայտնում է Associated Press-ը: Այդ մասին Հոքինգը հայտարարել է հեռուստաշոուներից մեկում:
Բրիտանացի աստղաֆիզիկոսը Թրամփին անվանել է դեմագոգ, որը գրավում է ամենացածր սոցիալական հատվածը:
Հոքինգը նաև բրիտանացի ընտրողներին կոչ է արել դեմ քվեարկել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուն: Նրա խոսքերով` մնալով ԵՄ կազմում, Միացյալ Թագավորությունը գիտական հետազոտությունների ոլորտում նշանակալի աջակցություն կստանա, ինչպես նաև տնտեսությունում և անվտանգությունում:
«Անցել են այն օրերը, երբ մենք կարող էինք առանձին լինել ամբողջ աշխարհից: Մենք պետք է լինենք երկրների ավելի մեծ խմբի մաս` ի բարօրություն մեր անվտանգության և մեր առևտրի»,- ասել է Հոքինգը: