G7-ի առաջնորդներին խորապես մտահոգում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի խախտմամբ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնելու Իրանի որոշումը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի համատեղ ամփոփիչ հռչակագրում:
«Մենք խորապես մտահոգված ենք ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևի խախտմամբ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնելու Իրանի որոշմամբ»,- նշվում է հռչակագրում:
Նշվում է նաև, որ G7-ի առաջնորդները հաստատում են իրենց հավատարմությունը և լիովին աջակցությունը գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի իրագործմանը, որն Իրանի վրայից հանում է միջուկային ծրագրի հետ կապված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Դա Իրանին հնարավորություն կտա միանալ համաշխարհային հանրությանը:
G7-ի առաջնորդները նաև Հյուսիսային Կորեայից պահանջել են այսուհետ չիրականացնել միջուկային և հրթիռային փորձարկումներ: «Այդ գործողությունները խախտում են ՄԱԿ ԱԽ-ի մեծ թվով բանաձևեր և լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է փաստաթղթում:
G7-ը միջազգային հանրությանը կոչ է արել լիովին իրագործել ՄԱԿ ԱԽ բանաձևերը Փխենյանի դեմ պատժամիջոցների հարցում՝ ի պատասխան հունվարի 6-ին նրա կողմից միջուկային փորձարկում իրականացնելու և փետրվարի 7-ին հրթիռի արձակման համար՝ արբանյակով, որը կարող է օգտագործվել 12.000 կմ հեռավորության վրա թիրախներին միջուկային հարված հասցնելու համար: