Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, ինչպես նաև ազդարարեց կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին: Մի քանի օր է քննարկվում է, թե որքանով է արդյունավետ 797 ծառայողական մեքենաների կրճատումը, և թե դա ինչ կապ ունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ:
«Առաջին լրատվական»- ի հարցին՝ իշխանության, կառավարության գործողություններում տրամաբանություն տեսնո՞ւմ եք, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Խոսքերով՝ այո, գործերով՝ ոչ: Հերթական անգամ խոսքը կա, գործը դեռ տեսանելի չէ: Իսկ մեքենաների կրճատման հարցը պարզապես արդյունավետ տնտեսվարման խնդիր է»:
Լյովա Խաչատրյանի դիտարկմամբ՝ իշխանությունն ինքն իր դեմ պայքարելու պատրաստ չէ, բայց տնտեսության վիճակը, արտաքին գործոնները, ղարաբաղյան ճակատում վերջին դեպքերը ստիպում են ինչ-որ քայլերի գնալ, որովհետև թույլ տնտեսությամբ արտաքին մարտահրավերներին դիմակայել հնրավարո չէ, միայն ոգով, միայն զինվորի պատրաստակամությամբ ու համարձակությամբ հնարավոր չէ: Ըստ պատգամավորի՝ միգուցե սա ստիպեց գոնե խոսքով ինչ- որ բաների անդրադառնալ: Նա նաև հավելեց, որ առայժմ ոչ մի գործնական քայլ չի նկատում:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանում մենաշնորհ չկա, Լյովա Խաչատրյանը նշեց. «Իհարկե, Հայաստանում մենաշնորհ չկա, Հայաստանում ողջ տնտեսությունը պազապես քվոտավորված է. սա մենաշնորհ համարել կարելի է թե ոչ, ես չգիտեմ: Ժողովուրդն ամեն ինչ գիտի, թե ով որքան ինչ է բերում, ինչ է տանում, կաշառքի չափերը նույնիսկ հայտարարվեցին ՄԻՊ-ի կողմից ԱԺ-ում: Ամեն ինչ բոլորը գիտեն, իսկ գլուխը կոխել ավազի մեջ և ձև անել, թե այդ ամենը չկա և կարծել, թե իրենց ասած գեղեցիկ բառերին որևէ մեկը հավատում է, դրա ժամանակներն անցել են. գործ է պետք անել»:
Մանրամասները՝ տեսանյութում: