Սիրիայում գործող ԴԱԻՇ-ի գրոհայինները, իմանալով, թե ռուս զինվորականներն ինչ հարգանքով են վերաբերվում մզկիթներին, այդ օբյեկտներն օգտագործում են որպես թաքստոց: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին մի շարք երկրների ռազմական կցորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Մենք այսօր տվյալներ ունենք, որ ահաբեկիչները թաքնվում են մզկիթներում: Մենք վիդեոտվյալներ ունենք, որ ահաբեկիչներն իրենց տեխնիկան թաքցնում են մզկիթների շուրջը»,- նշել է նա:
«Իմանալով մեր զգույշ, հարգալից վերաբերմունքը մզկիթների նկատմամբ՝ նրանք հրաշալի հասկանում են՝ մենք երբեք, ոչ մի դեպքում հարվածներ չենք հասցնի ոչ ռազմական օբյեկտների ուղղությամբ»,- նշել է Անտոնովը: