Ադրբեջանը զիջումների է գնացել ԵՄ-ին՝ Ռիգայում ստորագրելով «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարությունը։ Այս մասին Trend գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքները։
«Ադրբեջանը ելույթ է ունեցել գագաթնաժողովին և դժգոհություն հայտնել հայտարարության, դրա ոգու, Ադրբեջան-ԵՄ համագործակցության հանդեպ մոտեցման, Ադրբեջանի խնդիրների հանդեպ ԵՄ դիրքորոշման վերաբերյալ։ Մենք լուրջ հավակնություններ ունենք այդ փաստաթղթի նկատմամբ։ Այդ հավակնություններով պայմանավորված՝ գագաթնաժողովի ժամանակ առաջացել է որոշակի լարվածություն, և այդ հարցում միջամտել են ինչպես ԵՄ բոլոր ղեկավարները, այնպես էլ այնտեղ գտնված պետությունների ղեկավարները։
Ավելի ուշ Ադրբեջանը, հաշվի առնելով այդ ամենը, զիջումների է գնացել և համաձայնել ստորագրել հայտարարությունը՝ նշելով, որ հայտարարության վերաբերյալ կներկայացնի իր հատուկ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումը կարտահայտի Ադրբեջանի բոլոր հավակնությունները»,- ասել է Նովրուզ Մամեդովը։