Ըստ երևույթին Հայաստանի ներքաղաքական կյանքում «բարի» ավանդույթ է ձևավորվում, երբ ՀԱԿ հանրահավաքից հետո սկսվում է Կոնգրես-Ժառանգություն փոխհրաձգություն:
Ապրիլի 8-ից հետո այն կարծես թե սկսում է Ժառանգությունը, որի վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Կոնգրեսի և իշխանության միջև կա պայմանավորվածություն: Գրեթե կասկած չկա, որ այդ հայտարարությունը ներընդդիմադիր հակադրության հերթական ալիքն է առաջ բերելու, որում արդեն առաջացել է թացն ու չորը խառնվելու լրջագույն վտանգ, որը սպառնում է ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին, այլ հասարակությանը ընդհանրապես: Ում է ձեռնտու հասարակությանն ուղղված այդ սպառնալիքը միշտ թարմ պահելը, դրա կրակը միշտ վառ պահելը:
Բանն այն է, փոխադարձ մեղադրանքների այդ ալիքը փոշիացնում է ամենակարևոր հարցը` պայքար երկրում Սահմանադրական կարգի հաստատման համար: Այդ պայքարի ամեն մի փորձ ողջունելի է ինքնին, լինի դա նույն ֆորմատի, թե այլ ֆորմատների շրջանակում: Եթե այդ փորձը անկեղծ է, ապա գնահատականի արժանանում է հասարակության որևէ շերտում` մի դեպքում գուցե շատ, մյուս դեպքում էիչ, կախված հասարակության «քաղաքական ճաշակից» և գուցե ներքին «զգացողություններից»: Բայց, բոլոր դեպքերում, Սահմանադրական կարգի հաստատման համար անկեղծ պայքարը ինքնին նպաստավոր է բոլոր անկեղծ ուժերի համար: Իսկ փոխադարձ մեղադրանքներով համեմված պայքարն արդեն հարվածում է թե այդ ուժերին, կրկին մեկին գուցե շատ, մյուսին քիչ, թե հասարակությանը և պայքարի ընթացքին ընդհանրապես, ինչն էլ ամենակարևորն է:
Ո՞վ է առաջինը և մեկընդմիշտ դադարեցնելու այդ փոխադարձ պայքարը, որ բացի ավելորդ հույզերից և էներգիայի ավելորդ վատնումից, որևէ այլ բան չի տալիս: Իսկ ինչ տալիս է, տալիս է իշխանությանը, որովհետև անկյուն քշված իշխանության համար ընդդիմադիր դաշտում առկա բնական կամ արհեստական, սխալից կամ կեղծիքից առաջացող այդ հակադրությունները թթվածնի պես են և եթե ոչ անկյունից դուրս գալ, ապա գոնե թույլ են տալիս շնչահեղձ չլինել և դիմադրել անկյունում: Եվ կարևոր չէ, թե այդ ներընդդիմադիր հակադրություններն ով է առաջինը սկսել, ով է իրավացի այդ ամենում, և ով է սխալ: Կարևորն այս պահին այն է, որ այդ իրավիճակը քայքայիչ է հասարակական-քաղաքական վերափոխման համար սկսված գործընթացների առողջության տեսանկյունից: և տվյալ պարագայում էական է, թե ով է առաջինը վերջ դնելու այդ քայքայմանը, ով է առաջինը դադարեցնելու սկսված փոխհրաձգությունը:
Այդ տեսանկյունից կարելի է թերևս ելակետ համարել ապրիլի 8-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ նա հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք իրավիճակի փոփոխության համար գործունեության մեջ իրենց չեն տեսնում Կոնգրեսի գործընկեր, և նաև հայտարարեց, որ փակում է այդ թեման: Թեման իսկապես պետք է փակել, որովհետև հակառակ պարագայում փակվում են պետության համար էական, կենսական, կարևորագույն թեմաներ և բաց է մնում իշխանության «օդանցքը»: