Արվեստի շուկան «բում» է ապրում։ 2014 թվականին սահմանվել է աճուրդում արվեստի գործերի վաճառքի ռեկորդ։ Անցած տարի աճուրդում իրացված արվեստի գործերից ստացված միջոցները կազմել են 15.2 մլրդ դոլար՝ 26 տոկոսով ավելի, քան 2013-ին։ Ինչպես հայտնում է AFP-ն, այդ մասին երեկ Փարիզում հայտարարել է Artprice ֆրանսիական ընկերությունը, որն ունի արվեստի գործերի վաճառքի արդյունքներով տվյալների բազա։
2014-ը ռեկորդային է դարձել ավելի քան 1 մլն դոլար արժեքով գործերի վաճառքի թվաքանակով։ Դրանց թիվը կազմել է 1679 միավոր։ Դրանցից 125-ի համար վճարվել է ավելի քան 10 մլն դոլար։
Նկարիչների վարկանիշում, որոնց գործերը վայելում են ամենամեծ պահանջարկը, առաջատար է փոփ-արտի ամերիկյան թագավոր Էնդի Ուորհոլը։ 2014-ին նրա գործերի վաճառքից ստացվել է 569 մլն դոլար։ Երկրորդ տեղում Պաբլո Պիկասոն է (375 մլն դոլար)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնը (270 մլն դոլար)։
2014 թվականի ամենաշահութաբեր աճուրդային արտ-շուկան Չինաստանինն է՝ շրջանառությունը կազմել է 5.6 մլրդ դոլար։