Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսելում է: Նա մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նիստին: Սաակաշվիլին արդեն հանդիպել է մի քանի համաշխարհային ազդեցիկ ղեկավարների հետ, տեղի է ունեցել նաև նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Բացի դրանից՝ նախատեսված է Սաակաշվիլիի հանդիպումը Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ:
Սաակաշվիլին մասնակցել է Ժողովրդական կուսակցության նիստին, որտեղ քննարկվել են վերջին ժամանակահատվածում Ռուսաստանի գործողությունները: Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ Եվրոպան դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, և անհրաժեշտ է այդ դիրքորոշումը պահպանել, որպեսզի Ռուսաստանը զգա, որ Վրաստանը և Ուկրաինան մենակ չեն մնացել:
Միխեիլ Սաակաշվիլին Բրյուսել է մեկնել Ստրասբուրգից, որտեղ Վրաստանի նախկին և գործող նախագահները մասնակցել են Եվրախորհրդարանում ԵՄ հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի վավերացման քվեարկությանը: