Ազգային հաշտեցման հարցերով սիրիացի պետնախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ Դամասկոսը միջնորդների միջոցով է ԱՄՆ-ից տեղեկություն ստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ամերիկյան ավիահարվածների մասին: Այս մասին նա ասել է ճապոնական «Տոկիո սիմբուն» թերթին տված հարցազրույցում:
«Այդպիսով՝ մենք անուղղակիորեն ենք համագործակցում ԱՄՆ-ի հետ: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է ավելի մեծ համագործակցություն «Իսլամական պետությանը» դիմակայելու հարցում»,- ասել է նա: Ալի Հայդարը նաև նշել է, որ Դամասկոսը տեղեկություններ է հավաքում խմբավորման պատվարների մասին:
Գերատեսչության ղեկավարը դատապարտել է Վաշինգտոնի քաղաքականությունը: Վաշինգտոնը հարվածներ է հասցնում «Իսլամական պետությանը», սակայն համագործակցում Դամասկոսին դիմակայող Սիրիայի ազատ բանակի հետ: «Մի ահաբեկչական կազմակերպությունը մյուսով փոխարինելն ահաբեկչության դեմ պայքար չէ»,- ասել է նա: