Վաշինգտոնը երկու երկրների միջև ներկայիս բարդ շրջանում հավատարիմ է ընդհանուր շահերին և ժողովրդավարությանն Ադրբեջանում: Այսպիսի եզրակացություն կարելի է անել ԱՄՆ Սենատի հանձնաժողովում երեկվա լսումներից, որտեղ ելույթ է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակված Ռոբերտ Սեքութան, հայտնում է Turan-ը:
Սեքութան նշել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ 3 կարևոր ուղղություններով է աշխատում՝ անվտանգություն, էներգետիկա և ժողովրդավարություն:
Վերջինը կարևոր պայման է եվրաատլանտյան համայնքին երկրի ինտեգրման համար:
«Եթե ինձ հաստատեն, ես կօգնեմ Ադրբեջանում կայուն ժողովրդավարությամբ և համակողմանի տնտեսությամբ ուժեղ և ժամանակակից պետության կառուցման գործին»,- ասել է Սեքութան և հավելել, որ կաշխատի երկկողմ հարաբերություններն առաջ տանել «ընդհանուր շահերի և արժեքների հիման վրա»:
Սեքութան նշել է ժողավրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման անհրաժեշտությունը:
«Դա անհրաժեշտ է տևական կայունության ապահովման և Ադրբեջանի կողմից իր ներուժի իրագործման համար»,- ավելացրել է նա: