Մի խումբ ցուցարարներ ներխուժել են Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) Բաղդադում գտնվող շենք: Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Բողոքի ակցիային, որն ի վերջո վերածվել է անկարգությունների, մասնակցում են «Սփայքեր» ռազմաբազայում առևանգված զինծառայողների հարազատները: Ցույցի է դուրս եկել ավելի քան 100 մարդ: Ցուցարարները բացականչում են՝ «Ինչո՞ւ եք լռում հազարավոր գերեվարված մարտիկների մասին»:
Ըստ տեղեկության՝ խորհրդարանի աշխատակիցները տարհանվել են, անվտանգության ուժերը շղթայել են շենքը և կանաչ գոտու (կառավարական հաստատությունների և օտարերկրյա պետությունների դեսպանատների լավ ամրացված շրջան) բոլոր մուտքերը:
«Աս-Սումարիա»-ի տեղեկությամբ՝ ներխուժման ժամանակ տուժել է խորհրդարանի անվտանգության 3 աշխատակից:
Հունիսի կեսին «Իսլամական պետության» գրոհայինները կոտորած են սարքել Տիկրիտ քաղաքի «Սփայքեր» ռազմաբազայում: Հարձակման հետևանքով առևանգվել է նաև մոտ 1.700 կուրսանտ: Նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: