Վրաստանը ԱՄՆ-ի և Եվրպայի հավատարիմ ընկերն ու դաշնակիցն է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ: «Գրուզիա Օնլայն»-ի տեղեկացմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում համաշխարհային ղեկավարների համաժողովի ժամանակ ողջույնի ելույթում:
«Ժողովրդավարական հասարակության ստեղծման ճանապարհին Վրաստանի համար որոշիչ նշանակություն ունի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը: ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մտերմանալու մեր անսասան որոշումը համընկնում է ժողովրդավարական փոխակերպման գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ: Դա եվրոպական ընկերական ընտանիք վերադառնալու մեր ուղին է»,- նշել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ կառավարությունը գնահատում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կարևոր համագործակցությունը:
«Մենք քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ ունենք: Վրաստանը Եվրոպայի երկրների և Ամերիկայի հավատարիմ ընկերն ու դաշնակիցն է, և անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության գլուխ, և չնայած նրան, որ նավապետը կարող է փոխվել, նավը շարունակում է իր վերցրած կուրսը»,- նշել է Ղարիբաշվիլին: