Սարի թաղի 17 փողոցի 78-ամյա բնակչուհի Լուսիկ Ղազարյանը միայնակ է ապրում, որդիներից մեկին կորցրել է, 2-ը դատապարտված են. «Մեկին տեղափոխել են հիվանդանոց, չեմ կարողանում գնալ տեսնելու, հնարավորություն չկա։ Այսօր մեռելոց է, նույնիսկ մահացած որդուս գերեզմանին չեմ կարողանում գնալ, մտորումների մեջ եմ, մոլորվել եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տիկին Լուսիկը՝ ասելով, որ 30 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն դրանից 10 հազարը պահում են։
«10 հազարը քիչ փող չի։ Տարիներ առաջ, երբ ես քրոջս էի խնամում, դատապարտված տղաներիս կանայք այստեղ էին ապրում, ջրի պարտք են կուտակել, հարկադիր ծառայությունից եկան, տանելու բան չկա, թոշակիցս են պահում, 2 տարի է՝ պահում են, արդեն 260 հազար դրամ, մնացել է 100 հազարը՝ մի տարի, գոնե էլ չպահեն, էլ չեմ կարողանում, կուզեի քնեի ու էլ չզարթնեի,- ասաց տիկին Լուսիկը, որը չէր կարողանում արցունքները զսպել,- դիաբետ ունեմ, աչքերս չեն տեսնում, շնչառության հետ խնդիրներ ունեմ, դեղ չեմ կարողանում գնել, հազիվ կոմունալի փող եմ փակում, գոնե թոշակիցս չպահեին, էլի»:
Տիկին Լուսիկն արդեն 2 տարի է՝ թաղապետարան է դիմում, ասում են՝ կօգնեն, բայց ոչինչ էլ չեն անում։ «Խաբում են, հիմա էլ ինչքան գնում եմ, քարտուղարուհին ասում ա՝ ղեկավարը տեղում չէ»,- մանրամասնեց նա: Հարևանուհին ևս փաստեց , որ հարսները տիկնոջը ոչնչով օգնել չեն կարողանում, հազիվ իրենց երեխաներին են խնամում: Տիկին Լուսիկը միայնակ է ապրում, հարևաններն են գալիս մի քիչ սնունդ են բերում, խնամում են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։