Քրդական «Firat» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ժամանակակից լրագրողների միությունն» իր ինտերնետային կայքում Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում ներառել է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 9 հայ լրագրողների ու գրողների անունները: Դրանք են` Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Երվանդ Սըրմաքեշխանլյանը, Արմեն Դորյանը, Լևոն Լարենցը (Կիրիշչյան), Հովհաննես Հարությունյանը:
Այս կապակցությամբ «Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեթ Աբաքայը հայտարարել է. «Մեր միության գործունեությունը միտված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և զգացմունքային թեմաներին անդրադարձ կատարելուն: Սպանված հայ լրագրողների հետ կապված մեր այս որոշումն ուշացած է, և բացառված չեն բացթողումները: Եթե նոր փաստեր գտնեք, ապա կարող եք փոխանցել մեզ, և մենք կուղղենք բացթողումները` կատարելով մեր մարդասիրական պարտքը»:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ «Ժամանակակից լրագրողների միության» կայքում զետեղված են Թուրքիայում սպանված 67 լրագրողների անուններ:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հանդիսացել է 1909 թվականից Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողը: