Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմության ջոկատների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, Դամասկոսի հարավում սկսված մարտերն այժմ տեղափոխվում են հյուսիս և հյուսիս-արևելք:
Ակտիվիստների տեղեկություններով՝ այդ բախումներում արդեն զոհվել է առնվազն 10 մարդ:
Երեկ Սիրիայի ազատ բանակը հայտարարեց, որ իրենց զինված ջոկատները կարողացել են վերահսկողություն սահմանել մայրաքաղաքի մի շարք թաղամասերի և արվարձանների վրա: Այլ աղբյուրների համաձայն՝ ապստամբները կրակ են բացել բնակելի թաղամասերում կառավարական ուժերի տանկերի վրա:
Ավելացնենք, որ Սիրիայի ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, որ տոտալ հարձակում են սկսում կառավարական զորքերի դեմ, որը կրում է «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում» անվանումը: Գործողությունը սկսվել է երեկ՝ տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Ապստամբների խոսքերով՝ այդ գործողությունը պատասխանում է «Բաշար Ալ-Ասադի վարչակարգի իրականացրած դաժան սպանություններին և բարբարոսական հանցագործություններին»:








































