Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը բուհում կազակական ռեժիմ է սահմանել: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ հավելելով, որ վերջինս ուսանողներին հրահանգել է դասերի ավարտից անմիջապես հետո լքել բուհի շենքը, հանձնարարել է շաբաթ օրը համալսարանը տրամադրել բացառապես մագիստրատուրայի ուսանողներին ու դասախոսներին:
Բուհի նախկին ղեկավարի խոսքով՝ կրթության ոլորտում պետական քաղաքականությունն աղավաղվում է: «Պարզվում է՝ պետական քաղաքականությունը ոչ թե նպաստում է կրթական գործընթացի կազմակերպմանը, այլ մշակում յուրահատուկ ոճի կառավարում, երբ ԿԳ նախարարը միշտ ճիշտ է: Եթե մարդն իրավունք ունի հրամաններ արձակել, նշանակում է՝ կարող է ցանկացած հրաման արձակել: Նույնն է վկայում նաև Արդարադատության նախարարության արձագանքը, ըստ որի, եթե նախարարը տվյալ անձի կառավարումը ոչ նպատակահարմար է համարում, նշանակում է՝ վերջինս պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից»:
Զոլյանը նաև հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել ԿԳՆ կողմից հայտարարված բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին: «Ով էլ ընտրվի այդ պաշտոնում, անհասկանալի վիճակում է հայտնվելու: Ես ուրախ կլինեմ, որ իմ իրավունքների վերականգնման հարցը լուծվի Հայաստանում: Իսկ Մարդու իրավունքների դատարան դիմելու համար ես նախ պետք է սպառեմ հայաստանյան դատական բոլոր ատյանները: Ինչպես հիշում եք, գործն այս պահին Վերաքննիչ դատարանի վարույթում է: Միաժամանակ, ճիշտ եմ համարում, որ իմ՝ Սուրեն Զոլյանիս իրավունքների վերականգնման դատական գործընթացին մասնակից լինի նաև բուհը՝ ուսխորհրդով, իր այլ կառույցներով»,- ասաց նա:
Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորի խոսքով՝ ուսանողն այսօր որակյալ կրթություն է պահանջում, իսկ ինքն էլ դասախոսական անձնակազմից պահանջում է անընդհատ կատարելագործվել՝ հրաժարվելով երեսունական-քառասունական թվականների մասնագիտական գրականությունից: «Ես պաշտոնների նշանակման համար երբեք կաշառք չեմ վերցրել, դրա համար էլ երբեք չեմ դժվարանում այս կամ այն անձին ազատել աշխատանքից: Միաժամանակ, ինքս չեմ ենթարկվում անօրինական հրամաններին և ամեն օր գնում եմ համալսարան՝ նախ որպես բուհի ռեկտոր, որի մոտ են իր սենյակի բանալիները, հետո նաև՝ դասավանդելու որպես պրոֆեսոր»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ հավելելով, որ չի ենթարկվում նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի սահմանած ներքին կանոնակարգին, որի համաձայն՝ ինքը մայիսի 3-ից համալսարանի շենք չի կարող մուտք գործել:










































