Իսլամաբադում ուղևորային Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել, զոհվել է օդանավում գտնվող 127 մարդ: Այս մասին ապրիլի 20–ի երեկոյան հաղորդել է Geo TV-ն:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռում գտնվել է 131 մարդ: Agence France-Presse-ի պակիստանյան ոստիկանության աղբյուրը նշել է, որ ուղևորները «փրկվելու հնարավորություն չունեին»:
Bhoja Airline ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականցնում էր Կարաչի-Իսլամաբադ չվերթը, աղետի է ենթարկվել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 18.50–ին` վայրէջքից առաջ: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ օդանավը վայրէջքի թույլտվություն է ստացել, սակայն շուտով նրա հետ կապն ընդհատվել է:
Boeing 737-ը ցած է ընեկել Հուսեյնաբադի տարածքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեսել են հրդեհ և ամբողջովին ոչնչացված ինքնաթիռի մնացորդներ: Տեղի բնակիչները Geo TV-ին պատմել են, որ ինքնաթիռը սկսել է այրվել դեռ օդում:
Ականատեսները հաղորդում են նաև, որ ինքնաթիռն ընկել է բնակելի տարածքի տների վրա, սակայն բնակիչների շրջանում զոհերի մասին դեռ տվյալներ չկան:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառն անձնակազմի եղանակային վատ պայմաններում վայրեջք կատարելու փորձն է եղել: Sama TV-ն ենթադրում է, որ ինքնաթիռին կայծակն է հարվածել:
Bhoja Airline ավիաընկերության գործունեությունը ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցվել էր 2001 թվականին: Ընկերությունը թռիչքները վեսկսելու մասին հայտարարել էր 2011 թվականի նոյեմբերին: Աղետով ավարտված Կարաչի-Իսլամաբադ չվերթը տասնամյա դադարից հետո Bhoja Airline ավիաընկերության առաջին թռիչքն էր:










































