Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն ու ԱԳՆ-ը ձեռնամուխ են եղել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կապի, տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ուղիների ոլորտում պլանավորված համաձայնագրի ստորագրումը խափանելու աշխատանքներին:
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Ակակի Մինաշվիլին հայտարարել է, որ իրենք բողոքով դիմելու են համապատասխան միջազգային կառույցներին, քանի որ այդ համաձայնագիրը հերթական անգամ վկայում է Ռուսաստանի զավթողական քաղաքականության մասին:
Իսկ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան հայտարարել է, որ Ռուսաստանն այդ համաձայնագրի կնքմամբ խախտում է միջազգային իրավունքը: Նրա խոսքերով՝ կապի հարցերը կարգավորում է ՄԱԿ-ին կից Էլեկտրակապերի միջազգային միությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման պլանների մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:









































