Եվրամիությունը հաջորդ շաբաթ կյանքի կկոչի այն ծրագիրը, որը թույլ է տալիս ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին գրել օրինագծեր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երբ քաղաքացիների (կամ խմբի) այս կամ այն նախաձեռնության տակ լինի ավելի քան 1 միլիոն ստորագրություն ԵՄ նվազագույնը 7 երկրում, այն կդրվի Եվրախորհրդարանում քննարկման:
Ծրագիրը, որը պատրաստել է Եվրահանձնաժողովը, նպատակ ունի ամրապնդել դեմոկրատական գործընթացները Միությունում, ինչպես նաև վերացնել ժողովրդավարական իշխանության պակասը ԵՄ մարմիններում:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով` այն թույլ կտա ուղղակիորեն քաղաքացիներին ներգրավել ԵՄ կառավարման աշխատանքներին, ինչպես նաև կբարձրացնի Եվրամիության խնդիրներով մտահոգ տարբեր երկրների քաղաքացիների միջև երկխոսության աստիճանը:
Նրանք մտադիր են նաև վերակենդանացնել ԵՄ երկրների բնակչության հետաքրքրությունը համաեվրոպական կառույցների նկատմամբ, քանի որ կառույցի տարբեր երկրների քաղաքացիները ավելի քիչ են մտահոգվում Եվրամիության ապագայի մասին` գերադասելով մտածել սեփական երկրի ներքին գործերի մասին:
Նախաձեռնությունն արդեն արժանացել է քննադատության՝ հիմնավորմամբ, որ այն նպատակ ունի թաքցնել եվրոպական ինստիտուտների ոչ թափանցիկությունն ու ոչ դեմոկրատական լինելը:









































