Euronews-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Եվրոպական հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ թերահավատորեն է մոտենում, որ Հայոց ցեղասպանության հերքման օրինագիծը կտարածվի ողջ Եվրոպայով մեկ.
«ԵՄ-ի կարևոր արժեքներից մեկը խոսքի ազատությունն է: ԵՄ անդամ մի շարք երկրներ ընդունում են խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ, ինչն անտրամաբանական է: ԵՄ-ում այդպիսի որոշման ընդունման համար անհրաժեշտ է նրա բոլոր 27 անդամների միաձայն համաձայնությունը: Չեմ կարծում, թե դա տեղի կունենա:
Ես Ցյուրիխում էլ եմ ասել, այստեղ էլ եմ ասում և ամենուրեք ամեն անգամ ասելու եմ, որ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու արխիվները վկայում են, որ 1915 թվականին տեղի չի ունեցել ցեղասպանություն:
Մենք Հայաստանին և երրորդ երկրներին կոչ ենք անում բացել իրենց բոլոր արխիվները և անկախ հանձնաժողով ստեղծել: Դրանում կներգրավվեն թուրք, հայ, ամերիկացի, ռուս, եվրոպացի պատմաբանները, որոնք էլ կքննեն 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները: Դրանից հետո նոր պետք է գնահատական տալ դրանց»:
Բաղըշը հավելել է, որ ժամանակն է, որ ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության հարցում չվախենա թուրք ներգաղթյալներից: