ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է 2010 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած` սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, ընդունելության ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ այդ հաջողությունները կարևոր են ինչպես Ղարաբաղում սպորտի և մշակույթի զարգացման, այնպես էլ քաղաքական տեսանկյունից՝ հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայանալու և քաղաքակիրթ հանրության շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լավագույն միջոցներից մեկը: Սահակյանն ասել է նաև, թե սպորտի և մշակույթի ոլորտները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը այս բնագավառների զարգացման ուղղությամբ: