Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ Թուրքիան դրական է գնահատում տարածաշրջանային հակամարտության շրջանակում հրադադարի երկարաձգումը՝ ընդգծելով, որ Անկարան շարունակելու է աջակցել կառուցողական նախաձեռնություններին։
Նա նաև անդրադարձել է Սիրիայում իրավիճակին՝ ընդգծելով, որ կայունության հաստատումը կարող է նշանակալի դեր ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան շարունակելու է իր «անսասան աջակցությունը» Սիրիային։
Էրդողանը հայտնել է, որ Անկարայում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը դրա հաջող կազմակերպման համար։
Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Սուդանում հակամարտության դադարեցման ուղղությամբ և նախատեսում է ընդլայնել մարդասիրական օգնության ծավալները երկրին։










































