Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկ ամիս անց հանդիպելու է աշխարհի ամենահարուստ անձանցից մեկի՝ Բիլ Գեյթսի հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին Կաննում պլանավորված G-20-ի գագաթնաժողովում։ Հանդիպման ժամանակ Գեյթսն Էրդողանին առաջարկ է ներկայացնելու, որն առնչվելու է ծխելու դեմ պայքարին։
Գեյթսի առաջին խորհրդատու Արտ Մարտինեսը հայտարարել է, որ գագաթնաժողովում Գեյթսը ներկայացնելու է «Ծխախոտի վերահսկման աջակցություն» խորագրով նոր նախագիծը՝ համաշխարհային առաջնորդներին կոչ անելով աջակցել դրան.
«Նախ՝ բոլորը գիտեն, որ Թուրքիան երկար ժամանակ պայքար է մղում ծխելու դեմ։ Մյուս կողմից էլ՝ Գեյթսի ուշադրության կենտրոնում են հայտնվել Էրդողանի այցերը Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներ։ Մենք այդպիսի առաջնորդի կարիքն ունենք։ Էրդողանն ուժեղ դիրք է զբաղեցրել ծխախոտի դեմ պայքարի հարցում»։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Թուրքիայում գրանցված էին 14 միլիոն ծխողներ։ Ծխախոտի սպառման ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների թվում զբաղեցրել էր 3-րդ, իսկ համայն աշխարհում՝ 7-րդ տեղը։









































