«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:
– Սեպտեմբերի 23-ի հանրահավաքից հետո երթ չեղավ եւ նշվեց, որ պետք է ուժերը խնայել: Ինչի՞ համար են պետք այդ ուժերը, ի՞նչ է սպասվում մեզ սեպտեմբերի 30-ի հանրահավաքում:
– Հանրահավաքային պրոցեսները արդեն էլ ավելի շիկանալու են, երթեր էլ են լինելու, ավելի հաճախակի հանրահավաքներ եւ դրա համար է մեզ պետք խնայել ուժերը, որոնք կոնկրետ սեպտեմբերի 30-ի հանրահավաքի համար չէ, որ պետք է խնայել, այլ դրան հաջորդող գործընթացների համար: Իսկ սեպտեմբերի 30-ին որոշակի շեշտադրումներ են լինելու, կոչեր, որոնք մարդկանց տրամադրությունն ու ոգին են բարձրացնելու: Համոզված եմ, որ այդ առումով սեպտեմբերի 30-ի հանրահավաքը լինելու է լավագույն հանրահավաքներից մեկը եւ առանձնանալու է իր գործնական բնույթով:
– Պարոն Աբրահամյան, իսկ որո՞նք են լինելու այդ գործնական քայլերը, խոսվում է հանրահավաքային շարքի ավելի հաճախակիացման կամ նստացույցերի մասին, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է լինելու այս իշխանությունների վրա արժանի ճնշման եղանակը:
– Միանշանակ դեղատոմս գոյություն չունի, քանզի այդ ամենը կախված է մի շարք հարցերից, և ես մի քիչ կդժվարանամ ասել, թե որ միջոցն ավելի օգտակար կլինի այս պահի համար: Ամենակարևոր խնդիրը առաջ նայելն է, նպատակաուղղված առաջ քայլելը՝ այն հույսով ու հավատով, որ վերջնականապես մենք կարողանալու ենք Հայաստանում ձևավորել օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որի հիմքում լինելու է Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
– Կան գնահատականներ, որ Կոնգրեսն ուշացել է վճռական քայլեր անելու համար, և ժողովուրդն արդեն հիասթափվել է ու այժմ վճռական քայլերի համար անհրաժեշտ ռեսուրսներ Կոնգրեսն այլևս չունի: Արդյո՞ք արդարացի են այդ գնահատականները, եւ արդյո՞ք ՀԱԿ-ի ուժերը բավարար են դրված նպատակին հասնելու համար:
– Ես միանշանակ այդ գնահատականի հետ համաձայն չեմ, այդ կարգի «բայղուշություններ» մենք շատ ենք լսել` և՛ գարնանը, և՛ ձմռանը, արդեն քանի տարի է մենք այդ «բայղուշությունները» լսում ենք: Այն մարդիկ, որոնք հանիրավի, պատվիրված կամ չարախնդալով նման գնահատականներ են տալիս` թող իրենք բարի լինեն առկա խնդիրների լուծման ուղղությամբ թեկուզ մի քայլ, մի գործ անել: Մենք մեր առջև դրել ենք խնդիրներ եւ համոզված գնում ենք առաջ: Իհարկե, մի օր լավ կլինի, մի օր վայրիվերումներ կլինեն, մարդկանց քանակի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց այն ուղին, որ մենք ընտրել ենք՝ ցանկանալով կայացնել ժողովրդավարական պետություն, օլիգարխիայի մեջքը կոտրելը, սոցիալական արդարության վերականգնումը, իրավական պետության տարրերի ստեղծումը, միշտ արդիական է, և այս հարցերը միշտ եղել են այն վառ ուղեցույցները, որոնց ձգտելու են հազարավոր մարդիկ եւ հասնելու են իրենց նպատակին: Եթե անգամ քաղաքական ընդդիմություն չլիներ՝ հանձինս Հայ ազգային կոնգրեսի, միևնույն է, այս իշխանական համակարգով այս երկրին ապագա չի սպասվում, եւ այն փոխելը անհրաժեշտ է:
– Իսկ արտահերթ ընտրություններ իրականացնելու ժամանակն արդյո՞ք անցած չէ:
– Հայ ազգային կոնգրեսը քաղաքական կառույց է եւ երկրում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին ամենաակտիվ մասնակցությունն է ունենում եւ ունենալու է, անգամ եթե մենք գտնում ենք, որ միակ ճիշտ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
– Այսինքն՝ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ը կգնա՞ հերթական ընտրությունների:
– Միանշանակ, մենք երկրում ընթացող բոլոր քաղաքական պրոցեսներին մասնակցելու ենք, մեր գերնպատակը ժողովրդին հաճո իշխանություն ձևավորելն է, իսկ ընտրությունները այդ նպատակին հասնելու համար լոկ միջոց են:
– Պարոն Աբրահամյան, չկա՞ մտավախություն, որ իր աթոռից կառչած վարչախումբը ՀԱԿ-ի վճռական գործողություններին ի պատասխան կկրկնի 2008թ. մարտյան դեպքերը և ևս մեկ անգամ կկրակի ժողովրդի վրա:
– Թող իշխանությունները գիտակցեն, որ այս ժողովուրդը մեկ անգամ արդեն 2004թ. ապրիլի 12 է տեսել, այնուհետև 2008-ի մարտի 1, այս անգամ ժողովուրդն ավելի ըմբոստ է, ավելի կատաղի ու ավելի հուժկու: Աստված մի արասցե, այնքան անխոհեմ գտնվեն իշխանությունները և փորձեն նոր Մարտի 1 հրահրել, ապա վստահ եղեք, մարտի 1-ին հետեւելու է մարտի 2-ը, եւ այդ մարտի 2-ի տակ մնալու են իշխանական աթոռին կառչած բոլոր Մարտի 1 հրահրողները: Իշխանությունը ռեսուրս չունի մեկ անգամ ևս սեփական ժողովրդի նկատմամբ հանցագործություն կատարելու համար:









































