ՀՀ առաջին և երկրորդ նախագահները թեև ստացել են պաշտոնական հրավեր մասնակցելու անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն շաբաթ օրը վերջիններիս մամլո խոսնակները հայտարարեցին, որ նրանք չեն մասնակցելու:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն, այսօր անդրադառնալով այդ հարցին, նկատեց, որ ինքը նախագահի ինստիտուտին նայու:մ է ամերիկյան տեսանկյունից և նախկին ու ներկա նախագահներին հարգում է հենց նախագահ լինելու պատճառով: Այս առումով, ըստ Կիրակոսյանի, Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրելը շատ կարևոր և խորհրդանշական է, բայց իրական խնդիրն այն չէ, թե ինչպես են մեր երկրում վերաբերվում նախկին նախագահներին, այլ թե ինչպես են վերաբերվում հասարակ քաղաքացուն` այն հայերին, ովքեր դուրս մղվեցին Բուզանդի փողոցից, ովքեր կորցրեցին իրենց կրպակները, և այն ծնողներին, ովքեր կորցրեցին իրենց որդիներին բանակում:
Հրավերը մերժելու հարցին անդրադառնալով՝ Կիրակոսյանը նշեց, որ ոչ ոք տեղյակ չէ մերժման իրական պատճառներին, և այն ամենը, ինչի մասին գիտենք՝ գիտեն նաև լրատվամիջոցները. «Գիտենք, որ նախագահ Տեր-Պետրոսյանի ընտանիքում հիվանդ անդամ կա, իսկ նախագահ Քոչարյանն էլ երևի զբաղված է: Հրավերը խորհրդանշական քայլ էր, իսկ թե ինչպես նրանք կընդունեին այդ քայլը՝ դա արդեն իրենց խնդիրն է»:










































