Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստվել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայանից թռչել դեպի Ստամբուլ, սակայն Դիարբեքիրից ստանալով թուրք 13 զինծառայողների մահվան մասին սև լուրը, ստիպված է եղել վերադառնալ վարչապետական նստավայր և գագաթնաժողով գումարել։
Գագաթնաժողովին մասնակցել են Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը,Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
Գագաթնաժողովում Նեջդիթ Օզելը ներկաներին իրազեկել է թուրք զինծառայողների և քուրդ զինյալների միջև Դիարբեքիրում տեղի ունեցած բախման մանրամասների մասին՝ նշելով, որ Աբդուլլահ Օջալանի վերջին հայտարարություններից հետո «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունն (PKK) ակտիվացել է տարածաշրջանում։
Էրդողանն իր հերթին նշել է, որ Թուրքիան ժողովրդավարության, իրավական ու եղբայրության հարցերում երբեք զիջումների չի գնա, նա կլուծի ահաբեկչության և նրա հետևում կանգնած ուժերի հարցը. «Մեր զինծառայողների կորուստն ավելի է ուժեղացնում ահաբեկչության դեմ մեր պայքարը»։
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Սիլվան շրջանում տեղի ունեցած բախման արդյունքում սպանվել է 13 և վիրավորվել 7 թուրք զինծառայող, որից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։ Սա շոկի մեջ է գցել Թուրքիան։ Նշվում է, որ սպանվել է նաև 7 քուրդ զինյալ։









































