Beatles-ի չհրապարակված երգը, որի հեղինակը Ջոն Լենոնն է, ընդգրկվել է Ռինգո Սթարի What’s my name ալբոմում, հաղորդում է Le Figaro-ն:
Այս սկավառակը լեգենդար քառյակի թմբկահարի քսաներորդ սոլո թողարկումն է: Երգերից մեկի (Grow Old With Me) բառերը գրել է Ջոնը, բայց նա չի հասցրել թրեքը ձայնագրել ստուդիայում: Երգը պատահաբար հայտնաբերվել է Լենոնի վերջին Double Fantasy ալբոմի ներկայացման ժամանակ: Երաժիշտը սպանվել է դրա թողարկումից մի քանի օր անց:
Պրոդյուսեր Ջեք Դուգլասը Ռինգոյին է տվել ձայնագրությունը, որում Լենոնն ասում է, որ այս երգը համապատասխանում է թմբկահարին:
«Ես նախկինում երբեք չեմ լսել այն, երգը ցնցեց ինձ»,- ասել է Սթարը:
Նրան շատ դուր եկավ երգը ձայնագրելու գաղափարը. «Ես արեցի հնարավորը. հրավիրեցի Փոլին, որը նվագեց բաս-կիթառը, Ջեքը տող ավելացրեց Ջորջ Հարիսոնի մասին, և ես ինքս ինձ ասացի. «Դե, մենք բոլորս նորից միասին ենք, չնայած ոչ իրականում, բայց մեզ միավորում է սերը»:
Յոկո Օնոն Twitter-ում երգը «գեղեցիկ» է անվանել: