Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից որոշ բաներ կէժանանան, իսկ որոշ բաներ կթանկանան, իսկ գնաճի մասին խոսակցությունները հերյուրանք են:
Իհարկե, Մաքսային միության անդամակցումից ինչ-որ բաներ կէժանանան: Կեժանանա Հայաստանը` որպես պետություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես համաշխարհային ազգերի ընտանիքում իր տեղն ու դերն ունեցող միավոր: Թե ինչը կթանկանա` ցույց կտա ժամանակը:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ իրենց հաշվարկով գնաճը կարող է կազմել մոտավորապես 1 ու կես տոկոս: Սա, իհարկե, ոչինչ չասող թիվ է, քանի որ այդ թիվը միջինացված է: Այ, եթե կոնկրետ նշվեն ապրանքատեսակները կամ ապրանքների խմբերը, որոնք կեժանանան և կթանկանան, այդ դեպքում պարզ կլինի` ինչն է հերյուրանք, իսկ ինչը հերյուրանք չէ: Այլապես Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու իրենց միանձնյա որոշումները հռչակել են ազգային շահերից բխող, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չեն կարողանում կոնկրետ մի քանի օրինակներով մատնանշել, թե երկարաժամկետ առումով ինչպես է այդ անդամակցությունը բխելու ազգային շահերից և ինչ է տալու այդ շահերին:
Անընդհատ կրկնվում են միայն գազին և անվտանգությանը վերաբերող նույն հայտարարությունները, սակայն այս ամենով հանդերձ մենք տեսնում ենք, որ սրան զուգահեռ` և՛ գազի, և՛ անվտանգության հարցերի մասով ի հայտ են գալիս լրջագույն խնդիրներ: Օրինակ` հասարակության մեջ, մեղմ ասած, կասկածելի են գազի գնագոյացման մեխանիզմները, գազի որակական հատկանիշները: Իսկ անվտանգության հարցերի մասով, հասարակությունն առայժմ այդպես էլ ոչ մի պատասխան չի ստացել, թե այդ ինչպես է ապահովվելու Հայաստանի անվտանգությունը, եթե Ռուսաստանը միլիարդների զենք է վաճառում Ադրբեջանին և ոչ մի ձայն չի հանում, երբ Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը:
Երևի Ռուսաստանը միայն Երևանի և Արարատյան դաշտի անվտանգության երաշխավորն է, այսինքն` այն հատվածի երաշխավորը, որտեղ կենտրոնացված է Հայաստանի իշխանությունների, օլիգարխների անձնական ունեցվածքը: Այսինքն` խոսքը անձնական ունեցվածքի անվտանգության մակարդակի մասին է, ոչ թե Հայաստանի Հանրապետության:








































