Ինչպես հաղորդում են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգները, ՌԴ նախագահի վարկանիշը սկսել է նվազել, իսկ վարչապետինը մնացել է նույնը: Նրանց տեղեկություններով՝ այս ամիս Մեդվեդևի վստահության ինդեքսը նվազել է 5%-ով, իսկ գործողություններին հավանություն են տալիս 3%-ով պակաս ռուսաստանցիներ, քան նախորդ ամիս էր: Հիմա նախագհին վստահում է ռուսաստանցիների 33%-ը, իսկ նրա գործունեությանը հավանություն է տալիս 66%-ը:
Նշվում է, որ չի փոխվել վարչապետ Վլադմիր Պուտինի վստահության և գործունեության հավանության վարկանիշը, որը կազմում է համապատասխանաբար 41% և 69%: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Մեկ տարի առաջ Մեդվեդևի գործունեությունը հավանության էր արժանանում ռուսաստանցիների 74%-ի շրջանում: Անկումը գրեթե նույնն է վարչապետ Պուտինի մոտ: 2010 թ. նույն ժամանակահատվածում Պուտինի գործունեությանը հավանություն էր տալիս ռուսաստանցիների 78%-ը՝ այս տարվա 69%-ի փոխարեն:
Նվազել է արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Սեգեյ Շոյգույի վարկանիշը, որն իր երրորդ տեղը զիջել է Վլադմիր Ժիրինովսկուն և Գենադի Զյուգանովին, որոնք ունեն 12-ական տոկոս: Տասնյակում են նաև պատրիարք Կիրիլը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առողջապահության նախարար Տատյան Գոլիկովան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:











































