Գերմանիայում 16-ամյա դպրոցականը կատարել է բանկի զինված կողոպուտ, որից հետո հեծանվով փորձել է անհետանալ դեպքի վայրից: Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի դաշնային հողերի Պասաու քաղաքի մոտ՝ Բադ Ֆյուսինգ բնակավայրում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Իրավապահները հայտնում են, որ դեռահասը մտել է բանկ, հանել զենքը և պահանջել իրեն տալ դրամարկղում գտնվող բոլոր փողերը: Ստանալով մի քանի հազար եվրո կանխիկ գումար՝ նա փողոց է դուրս եկել, հեծանիվ նստել և գնացել հարևան Օբերնբերգի ուղղությամբ:
Ամբողջ ճանապարհին նրան հետևել է կողոպուտի ականատեսներից մեկը: Վերջիվերջո՝ նրա օգնությամբ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Նրա մոտ հայտնաբերվել է գումարով լի պայուսակը: Դպրոցականը անմիջապես խոստովանել է մեղքը:
Իրավապահ մարմինները առայժմ չեն հաղորդում, թե ինչպիսի պատիժ է սպառնում դեռահասին:









































