ԱՄՆ-ում Ամանորի առաջին օրերը հիշեցնում են հոլիվուդյան ֆիլմ-աղետի կադրեր. ճանապարհներին տապալված ծառեր են ու սյուներ, փողոցները սառցակալած են, իսկ Միջին Արևմուտքի և Նոր Անգլիայի խոշորագույն մեգապոլիսներից հնարավոր չէ դուրս գալ ո՛չ մեքենայով, ո՛չ էլ օդանավով: Այս ամենի պատճառը «Հերկուլես» ձնաբուքն է, որն իր հետ բերել է բևեռային սառնամանիքներ ու տեղումներ:
Ավելի քան 3000 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել, փակ է ԱՄՆ արևելյան ափի խոշորագույն՝ Ջոն Քենեդու անվան օդանավակայանը Նյու Յորքում: Այնտեղ և Նյու Ջերսի նահանգում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Իլինոյսում և Ինդիանայում ձնակույտերի դեմ պայքարի են դուրս եկել ոչ միայն կոմունալ ծառայությունների աշխատակիցները, այլև բնակիչներն ու տեղի վարչակազմերի պաշտոնյաները:
Ձնաբուքը սպառնում է նոր փորձություններով՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը: Առաջիկա օրերին մի շարք տարածաշրջաններում կգրանցվեն ջերմաստիճանային ռեկորդներ: Որոշ նահանգներում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50 աստիճան ցրտի: Ամենասոսկալի ցրտերը սպասվում են Հյուսիսային Դակոտա, Վիսկոնսին, Այովա և Մինեսոտա նահանգներում, իսկ Վաշինգտոնում, Միլուոկիում և Միսուրիում արդեն 20-ամյա վաղեմության ռեկորդ է սահմանվել. այնտեղ 30 աստիճան ցուրտ է:










































