Հայաստանի քաղաքացիների 90.7 տոկոսը դրական վերաբերմունք ունի առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք» հետազոտության տվյալներն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Եթե հաջորդ կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ հարցին ի պատասխան՝ հարցվածների 75.0 տոկոսը ձայնը կտար «Ելք» դաշինքին: Ընդ որում, նրանց 8.5 տոկոսն առանձին նշել է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության, 0.2 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» և 66.3 տոկոսը՝ «Ելք» դաշինքի օգտին: «ՀՀԿ-ի օգտին կքվեարկի հարցվածների 3.8 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքի օգտին՝ հարցվածների 5.3 , ՀՅԴ-ի օգտին՝ 1.9 տոկոսը: Հարցվածների 3.7 տոկոսն էլ ձայնը չի տա նշվածներից ոչ մեկին»,-ասաց Նավասարդյանը:
Ինչո՞ւ կքվեարկեք այս կամ այն կուսակցության օգտին հարցին, քաղաքացիների մեծ մասը՝ 33.9 տոկոսը պատասխանել է, որ համակրում է կուսակցության լիդերին: 27.4 տոկոսը կարծում է, որ կուսակցությունը ունակ է լուծել ՀՀ առջեւ կանգնած հիմնախնդիրները, 20.3 տոկոսն էլ այս կամ այն կուսակցության օգտին կքվեարկի գաղափարախոսության համար: «Հարցվածների 9.1 տոկոսը նշել է, որ այլընտրանք չի տեսնում, 8.9 տոկոսը ծանոթ է նախընտրական ծրագրին, 1.9 տոկոսը նշել է, որ այդ կուսակցության անդամ է, 1.4 տոկոսն ունի ծանոթներ այդ կուսակցությունում, 10 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին»,-նշեց Նավասարդյանը:
Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4- 9-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:




































