Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակներ հանձնող Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը լքում է իր պաշտոնը: Այս մասին նա ինքն է հայտարարել՝ ակադեմիայի անդամների հետ հանդիպումից հետո: Հրաժարականի պատճառները տիկին Դանիուսը չի բացահայտում: «Դա հրապարակման ենթակա չէ: Բայց դա ակադեմիայի կամքն է, և ես այն կատարում եմ: Ես կուզենայի շարունակել աշխատանքս, բայց կան բաներ, որոնք պետք է կյանքում անել»,- ասել է Սառա Դանիուսը:
Ապրիլին Շվեդական ակադեմիան սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ ներքին հետաքննության արդյունքում ինֆորմացիայի արտահոսք էր բացահայտվել: Պարզվել էր, որ «մշակույթի ոմն ներկայացուցիչ», ով սերտ կապեր էր ունեցել ակադեմիայի հետ, դարձել էր մրցանակի դափնեկիրների անունների ժամկետից շուտ բացահայտման պատճառը, որը, ըստ կանոնակարգի, պետք է գաղտնի պահվեր: «Մշակույթի ներկայացուցչի» անունը չի նշվում, միայն հայտնի է, որ նա ամուսնացած է ակադեմիայի անդամներից մեկի հետ: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նրան նաև 18 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են մեղսագրում, որոնց աշխատանքը այս կամ այն կերպ կապված է եղել հաստատության գործունեության հետ: Հետաքննության արդյունքների պատճառով՝ ակադեմիայի մշտական անդամների կոչումներից արդեն երեք շվեդ գրող են հրաժարվել՝ Քլաս Էսթերգենը, Պետեր Ինգլունդը և Չել Էփսմարկը:









































