Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Այս մասին այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը, և հավելու, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ: Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառնալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին: Հիշեցնենք, որ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:









































