ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիտարկում է պատասխան գործողությունների մի շարք տարբերակներ՝ ուղղված Ռուսաստանի կողմից ցանցահենային հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Կան մի շարք հնարավոր պատասխան միջոցառումներ, որոնք դիտարկում է նախագահը։ Նա ուսումնասիրում է համաչափ պատասխան։ Եվ միանգամայն հնարավոր է, որ մենք հրապարակավ չհայտարարենք նախագահի կողմից ընտրած միջոցառումների մասին»,- ասել է Էռնեստը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին քաղաքական կազմակերպությունների և ընտրական կոմիտեների վրա ցանցահենային հարձակումներ իրականացնելու համար:
Դեմոկրատական կուսակցության համագումարից առաջ, որի ժամանակ Հիլարի Քլինթոնը հաստատվել էր որպես նախագահի թեկնածու, WikiLeaks կայքում հայտնվել էր կուսակցության ներկայացուցիչների նամակագրությունը, ինչից պարզ էր դարձել, որ ղեկավարությունն աջակցել է Քլինթոնին նույն կուսակցությունից նրա մրցակից Բերնի Սանդերսի դեմ պայքարում։




































