ԱՄՆ-ը Կոլումբիայի իշխանություններին կհատկացնի 10 մլն դոլար տարածքի ականազերծման և պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքների համար, որոնք մնացել էին երկրի իշխանությունների ու «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբական խմբավորման միջև բազմամյա քաղաքացիական հակամարտությունից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ երկու երկրների համագործակցության հարցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի և Կոլումբիայի պաշտպանության նախարարներ Էշթոն Քարթերը և Լուիս Կառլոս Վիլյեգասը:
Սեպտեմբերի 27-ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը և խմբավորման ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչևերին ստորագրել են համաձայնագիր կեսդարյա զինված հակամարտության դադարեցման և կայուն խաղաղության ապահովման մասին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հոկտեմբերի 2-ին հանրապետությունում կանցկացվի համազգային հանրաքվե, որն անհրաժեշտ է ապստամբական խմբավորման հետ կառավարության խաղաղ համաձայնագիրն օրենսդրորեն ամրապնդելու համար։
Զինված հակամարտությունը սկսվել է 1960-ականներին և մինչ օրս խլել ավելի քան 200 հազար մարդու կյանք։









































