Չինացի գեյմերը կալանավորվել է պետական փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, որը նա իրականացրել էր, որպեսզի վերադարձնի իր օգտահաշիվը Dream Three Kingdoms Online խաղում:
Այս մասին հայտնում է Kotaku-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին:
Պորտալի հաղորդմամբ՝ Հանչժոու քաղաքի 24-ամյա խաղորդը որոշել է գնել բարձր մակարդակի հերոս: Նա կերպարը գնելու համար ծախսել է 244 դոլար: Որոշ ժամանակ անց գեյմերը պարզել է սակայն, որ անհայտ պատճառներով չի կարող իր օգտահաշվին մատչում ունենալ:
Նա օգնության խնդրանքով դիմել է խաղը ստեղծողներին, որոնք հայտնել են, որ օրինականության համար խաղացողը հասարակական անվտանգության տեղի բյուրոյի կողմից պետք է պաշտոնական նամակ ներկայացնի:
Քանի որ կերպարը գեյմերը գնել էր մասնավոր կարգով, հնարավոր չէր նման նամակ ձեռք բերել, ուստի սիրելի կերպարը վերադարձնելու համար նա որոշում է կեղծել փաստաթղթերը:
Խաղը ստեղծողները հասկանալով, որ նամակը կեղծ է, կապվել են իրավապահների հետ, ինչից հետո գեյմերը կալանավորվել է: Առայժմ չի հաղորդվում, թե երբ է նշանակված դատը:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Dream Three Kingdoms Online-ը հիմնված է Warcraft III DotA մոդիֆիկացիայի վրա: Խաղը պայմանականորեն անվճար է համարվում:





































