Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալե Բագիրզադեն երեկ մեկնարկած Նարդարանի արյունալի դեպքերի (2015 թվականի նոյեմբեր) դատավարության ժամանակ հանդես է եկել մերկացնող ելույթով:
«Իշխանությունները երկար ժամանակ փորձել են մեզ հարկադրել՝ գնալու հակաիրավական գործողությունների, առաջացնել կոնֆլիկտ, սակայն մենք տուրք չենք տվել: Այդ ամենի հետևում կանգնած է պետության ղեկավարի օգնական Ալի Հասանովը:
Միաժամանակ հեռուստաալիքներով քարոզչություն է իրականացվել մեր դեմ՝ մեղադրանք ներկայացվելով ահաբեկչության ու կրոնական արմատականության վերաբերյալ: Նարդարանի արյունահեղությունը սադրանք է, որը նախապատրաստվել է նախագահական ապարատի կողմից»,- ասել է նա:
2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում կատարված հատուկ գործողության ժամանակ սպանվել է 6 մարդ, ներառյալ երկու ոստիկան: Ընդհանուր առմամբ՝ տվյալ գործով կալանավորվել է մոտ 70 մարդ, որոնք հիմնականում «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ ու կողմնակիցներ են:
Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու, զինված հանցավոր խումբ կազմակերպելու և այլ բաների համար:









































