Եվրամիությունն ու Ռումինիան դրել են առաջին հետազոտական կենտրոնի հիմնաքարը, որտեղ պետք է տեղակայվի աշխարհում ամենահզոր լազերը, հայտնում է globalscience.ru-ն:
«Այդ նախագիծն ունի մեծ նշանակություն ոչ միայն Ռումինիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է ԵՄ տարածաշրջանային քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Խանը: «Այս առաջատար տեխնոլոգիայից կկարողանան օգտվել հետազոտողներ ամբողջ աշխարհից»,- հավելել է նա:
Նախագիծը ստացել է Extreme Light Infrastructure-Nuclear Physics (ELI-NP) անվանումը: Այն ծառայելու է ոչ միայն որպես համաեվրոպական լաբորատորիա, որտեղ իրականացվելու են ոչ միայն ֆունդամենտալ ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, աստղաֆիզիկային, այլև կենսաբանական գիտություններին վերաբերող գիտական հետազոտություններ:
«ELI-NP-ն կարևորագույն նախագիծ է հանդիսանում ԵՄ անդամների համար, որոնք ոչ միայն ստեղծում են նոր աշխատատեղեր, այլև «դադարեցնում են ուղեղների արտահոսքը»,- նկատել է Խանը:
Հովանավոր հանդես կգա ԵՄ-ն, որը հատկացրել է 150 մլն եվրո:
Տվյալ նախագծին մասնակցում է մոտ 40 գիտական ինստիտուտ՝ եվրոպական 13 երկրից: