Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանն Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցում է Բրյուսելում Եվրանեստի երրորդ լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնում է Analitika.at.ua-ն:
Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը մայիսի 28-29-ը կայանալիք հերթական նստաշրջանում կքննարկի համագործակցության ակտուալ հարցեր, մասնավորապես՝ Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստման մասով:
Եվրախորհրդարանականները՝ ԵՄ արևելյան հարևաններ հանդիսացող երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի իրենց գործընկերների հետ կփնտրեն անվտանգության, առևտրի, էներգետիկայի և սոցիալական ոլորտում ընդհանուր դիրքորոշումներ, ինչպես նաև Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ կքննարկեն քաղաքական ազդանշանները:
Բացի այդ, նստաշարջանում կքննարկվի «Արևելյան գործընկերոթւյան» ֆինանսավորման հարցը: Նստաշրջանի բացմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը և եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» երկրների համագործակցության խորհրդարանական ձևաչափ:
Ինչպես հայտնի է, Շատվորյանն Ուկրաինայի խորհրդարանում գլխավորում է «Ուկրաինա-Հայաստան» միջխորհրդարանական պատգամավորական խումբը: