New Scientist-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ մարդիկ արտակարգ իրավիճակներում ռոբոտներին ավելի շատ են վստահում, քան ողջամտությանը։ Գիտնականներն այդ հայտարարությունն արել են 30 կամավորի մասնակցությամբ անցկացրած փորձերի արդյունքներով։
Պարզվել է, որ հեղինակություն չեն վայելում նաև գրավոր ցուցումները։ Գիտնականներն ընդգծել են, որ մարդիկ ռոբոտների գործողությունները համարում են ավելի հուսալի։ Փորձարկումն իրականացրել են Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները։
Նրանք կամավորներին տեղավորել են շենքում, որում հնչել է հրդեհի ազդանշան, ու ծուխ է բարձրացել։ Փորձի մասնակիցները կանգնած են եղել ընտրության առջև՝ դուրս գալ այն դռնով, որով մտել են շենք, կամ էլ մութ և փոքր դռնով, որը մատնացույց է արել ռոբոտը։
Պարզվել է, որ կամավորների մեծ մասը՝ 30-ից 26-ը, ավելի հուսալի են համարել ռոբոտի խորհուրդը և հետևելով դրան՝ հայտնվել են փակուղում։ Երկու կամավոր հրաժարվել է շարունակել փորձին մասնակցելը, իսկ մնացյալ երկուսը կանգնած են մնացել տեղում։











































