EurActiv պորտալի փոխանցմամբ՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ԵՄ-ում նախագահող Նիդերլանդներին առաջարկել է թուրքերենն ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների ցուցակում՝ կղզու վերամիավորման մասին համաձայնագրին շուտափույթ հասնելու համար։
Ընդգծվում է, որ Կիպրոսը տվյալ հարցով դիմել է նաև 2002 թվականին, երբ բանակցություններ էր վարում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ Այն ժամանակ Բրյուսելը չէր ընդառաջել։
Կիպրոսում պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի ինչպես հունարենը, այնպես էլ՝ թուրքերենը։
ԵՄ-ում պաշտոնական նոր լեզվի հավելման մասին որոշումն ընդունվում է կոնսենսուսի հիման վրա։ Հաշվարկների համաձայն՝ ԵՄ պաշտոնական լեզուների ցուցակում ևս մեկ լեզվի հավելումը կարժենա 37 միլիոն եվրո։ Ներկայումս ԵՄ պաշտոնական լեզուների թիվը 24 է։









































