Հունաստանի հարավարևմտյան ափի մոտ բեռնանավերի բախման հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Հունաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչներին: Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում:
Բախումից հետո նավերից մեկը՝ Piri Reis-ը, որը նավարկում էր Կուկի կղզիների դրոշի ներքո, ջրասույզ է եղել: Piri Reis-ի անձնակազմը բաղկացած էր 17 մարդուց: Նրանք բոլորը Սիրիայի քաղաքացիներ էին: Piri Reis-ը պարարտանյութ էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստներից մեկը:
Ինչպես հաղորդել են Հունաստանի ծովային տրանսպորտի նախարարությունում, մյուս նավի՝ Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող Consouth-ն ու դրա անձնակազմը չեն տուժել:
Վթարի պատճառը հայտնի չէ, թեև չի բացառվում, որ դեր ունեցած լինի մարդկային գործոնը: Վթարի պահին եղանակային պայմանները լավ են եղել:
Որոնողա-փրկարարական աշխատանքները, որոնցում գործի են դրվել առափնյա պահպանության նավերն ու C-130 ինքնաթիռ, շարունակվում են: