Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է լրագրողներին, թե ինչու ինքը ներկա չի գտնվել Չերնոբիլի ատոմակայանի պայթյունի 25-րդ տարելիցի արարողություններին:
Նա խորհուրդ է տվել առաջին հերթին այդ հարցով դիմել Ուկրաինայի նախագահին. «Դուք այդ հարցն ուղղեք Յանուկովիչին, թե ինչու Բելառուսի նախագահը ներկա չէ միջոցառումներին», ասել է Լուկաշենկոն` փաստելով, որ «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները բավականին ոջլոտ են»: «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խնդրել (ներկա գտնվելու – 1in.am): «Դամ պահող» էլ ո՛չ մեկ և ո՛չ էլ մյուս նախագահի մոտ չեմ լինի», ավելացրել է նա:
Լուկաշենկոն անդրադարձել է նաև Բառոզուի այն հայտարարությանը, թե եթե Լուկաշենկոն ներկա լիներ Ուկրաինայի միջոցառումներին, ապա ինքը չէր մեկնելու Կիև. «Ինչ վերաբերում է այնպիսի «կազյոլներին», ինչպիսին է Բառոզուն, դե կար ինչ որ Բառոզու Պորտուգալիայում, որտեղից նրան դուրս արեցին և տեղավորեցին Եվրահանձնաժողովում: Ես ամենաքիչն եմ ուշադրություն դարձնում այն բաներին, թե ինչ է դուրս տալիս եվրոպական պաշտոնյաներից ինչ որ մեկը», ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ այս օրերին Ուկրաինայում տեղի են ունենում Չերնոբիլի ատոմակայանի վթարի զոհերի հիշատակի արարողություններ և նշվում է այդ ողբերգության 25-րդ տարելիցը: Ուկրաինա են ժամանել աշխարհի շատ երկրների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ: Շատ էր քննարկվում նաև Լուկաշենկոյի բացակայությունը այս միջոցառումից, քանի որ Բելառուսը թերևս երկրորդ երկիրն է Ուկրաինայից հետո, որն ամենաշատն է տուժել այդ աղետից ժամանակ: Կարծում ենք, որ Լուկաշենկոն «սպառիչ պատասխաններ տվեց»:









































