Կիպրոսի ֆինանսական ճգնաժամն ավելի կսրի Հունաստանի խնդիրները և 2013 թ. հունական տնտեսության ավելի խորը անկման կհանգեցնի: Այսպիսի հայտարարությունով հանդես է եկել Հունաստանի ձեռնարկությունների դաշնության ղեկավար (Hellenic Federation of Enterprises (SEV) Դիմիտրիս Դասկալոպուլոսը:
«Իմ կարծիքով՝ Կիպրոսի ճգնաժամը նկատելի բացասական ազդեցություն կունենա Հունաստանի տնտեսության վրա: Որոշ գնահատականների համաձայն՝ Կիպրոսի բանկերի հետ կապված իրադրությունը մեր ՀՆԱ-ի 1 %-ը կարժենա: Դրանից բացի, ես կասեի, որ Կիպրոսի տնտեսության փրկությունը երաշխավորված չէ: Կարծում եմ, որ հետագայում կտեսնենք, որ Կիպրոսի տնտեսության և ֆինանսական համակարգին աջակցելու համար ավելի շատ գումար է հարկավոր: Արդյունքում մենք ենթադրում ենք, որ Կիպրոսի ճգնաժամի ազդեցությունը Հունաստանի տնտեսության վրա կշարունակվի նաև 2014 թ.»:
Հունաստանի տնտեսությունն արդեն վեց տարի շարունակ անկում է ապրում: Այս տարի երկրի իշխանությունները ՀՆԱ-ի 4,5 % տոկոս անկում են կանխատեսում:
Ընդհանուր առմամբ, 2008-2013 թթ. Հունաստանի տնտեսության ծավալները կրճատվել են 25 %-ով: Գործազրկության մակարդակն անցնում է 26 %-ը. սա եվրոգոտու 17 պետությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է:









































