Եմենի դեմ պատերազմը սանձազերծված է «իրանական օկուպացիայի սպառնալիքի» մտացածին պատրվակով: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել շիա «Հզբոլլահ» խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան:
«Իրավիճակը Եմենում իրականում ոչ մի վտանգ չէր ներկայացնում Սաուդյան Արաբիայի կամ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում և Պարսից ծոցում նավագնացության համար»,- նշել է Նասրալլան: Նրա կարծիքով՝ Եմենում սկսված «Վճռականության փոթորիկ» գործողության իրական նպատակն այդ երկրի նկատմամբ սաուդյան վերահսկողությունը վերականգնելն է:
Նասրալլան հերքել է «Հզբոլլահի» մասնակցությունը շիա-հոուսիտների ապստամբությանը, որոնք գրավել են իշխանությունը Սանայում: Նա նշել է, որ «արաբ ժողովուրդները Սաուդյան Արաբիայի քաղաքականությունից հիասթափության հետևանքով ձգվում են դեպի Իրան և (Իսրայելին) դիմակայության առանցքներ»: «Վերջին 30 տարվա ընթացքում ի՞նչ է արել սաուդյան թագավորությունը Պաղեստինի ազատագրության համար: Ի՞նչ են ձեռնարկել սաուդցիները իսրայելական գրոհներից Գազայի հատվածի հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար»,- հարցրել է նա: Փոխարենը՝ Եմենի դեպքում Էր-Ռիյադը «վայրկենաբար արաբական կոալիցիա ստեղծեց և սկսեց ռմբակոծությունները»,- նշել է Նասրալլան:
Ըստ նրա՝ Սաուդյան Արաբիան «կպարտվի Եմենում, քանի որ նրա ժողովուրդը մերժել է սաուդյան դիկտատը»: Նա Էր-Ռիյադից պահանջել է «անհապաղ վերջ տալ ագրեսիային և երկխոսության ճանապարհ բացել եմենցիների միջև»: Դրա հետ կապված Նասրալլան հիշեցրել է, որ ապստամբ հոուսիտները հանդես են եկել խաղաղ նախաձեռնությամբ՝ առաջարկելով բանակցություններ վարել Մասքաթում (Օման) կամ ցանկացած այլ չեզոք պետության տարածքում:
«Եթե պատերազմը շարունակվի, Եմենի ժողովուրդը, անխոս, հաղթանակ կտանի ագրեսորների նկատմամբ: Նրանց (սաուդցիներին) ամոթ է սպասվում, եթե նրանք անհապաղ կանգ չառնեն»,- ասել է Նասրալլան:








































