Նոյեմբերի 7-ին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների ցրման և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժման գործով Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի մեղադրանքը ծանրացվել է: Ինչպես նախօրեին հայտարարել է դատախազությունը լքած փաստաբան Բեկա Բասիլիան՝ Կեզերաշվիլիին մեղադրում են անօրինական միջոցների օրինականացման համար: Գործը վերաբերում է Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի վերաբերյալ վեճերին, որոնք կապված են նոյեմբերի 7-ին հաջորդած շրջանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«8 ամիս առաջ Կեզերաշվիլիին առաջադրված մեղադրանքը վերանայվել է, և եթե նախկինում նրան մեղադրում էին միայն լիազորությունների չարաշահման համար, հիմա անօրինական եկամուտների օրինականացման մեղադրանք է առաջադրվել: Սա մաքուր քաղաքական գործընթաց է, որի նպատակն է մեկ այլ մեղադրյալի՝ Գիգի Ուգուլավային նորից կալանքի տակ պահելը, քանի որ Ուգուլավայի կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 2-ին»,- ասել է Բեկա Բասիլիան:
Փաստաբանի տեղեկությամբ՝ այսօր կճշգրտվի այսպես կոչված՝ «մատրոսովյան» բանտում գտնվող Գիգի Ուգուլավայի և Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մեղադրանքը: Բեկա Բասիլիայի խոսքով՝ մեղադրանքի ծանրացումից հետո դատախազությունը դատարանին կդիմի Ուգուլավայի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի 9-ամսյա ազատազրկման ժամկետը «Սիթի-պարկի» միջոցների ապօրինի օրինականացման գործով լրանում է ապրիլի 2-ին:









































