«Մարդու կյանքում, եթե առողջություն չլինի, բոլոր հաճույքները երկրորդական են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայ-ամերիկյան առողջական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա նկատեց, որ 10 տարի առաջ, երբ կենտրոնը նոր էր ստեղծվել, օրվա հաճախորդների թիվը 4-ը չէր գերազանցում, այսօր նրանց թիվը հասնում է 90-ի: Հիմնականում կանայք դիմում են կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի պատճառով: Խ. Հակոբյանը կարևորեց, որ կինը պետք է սովորի հետևել իր առողջությանը, ոչ թե սպասի, որ դանակը ոսկորին հասնի: Ինչպես նկատեց Խ. Հակոբյանը, իրենց կենտրոն 8900 կին քաղցկեղի վաղ փուլում են դիմել, և վիրահատական միջամտությամբ հնարավոր է եղել կանգնեցնել քաղցկեղը: Սակայն կան կանայք, որոնք խորացված փուլում են դիմոել: Այդ կանանց թիվը հասնում է 3500-ի։ Հիվանդության այդ փուլում բժիշկների համար դժվար է պայքարել քաղցկեղի դեմ: Խաչանուշ Հակոբյանը նկատեց, որ վախեցած մոտենում են բժշկին՝ խոստովանելու, որ նախընտրում են չիմանալ հիվանդության մասին, քան թե 5 րոպեում տակնուվրա անել իրենց կյանքը, ինչը բժշկության տեսանկյունից տգիտություն է համարվում: Խ. Հակոբյանը խորհուրդ տվեց, որ կանայք 40-ից, իսկ տղամարդիկ 30-ից հետո տարին մեկ անգամ պարտադիր անցնեն բուժզննում, որի արժեքը ընդամենը 11000 դրամ է։ Կարելի է, չէ՞, տարին մեկ անգամ 11000 դրամ տրամադրել առողջությանը:









































