Սաուդյան Արաբիայից մուսուլման աստվածաբան շեյխ Բանդար ալ-Հայբարին «հերքել է» գիտությունն այն մասին, թե Երկիրը Արեգակի շուրջն է պտտվում: Նրա խոսքերով՝ Երկիրն անշարժ է, իսկ Արեգակը պտտվում է նրա շուրջը:
Նա այդ մասին հայտարարել է սաուդցի ուսանողների հետ զրույցի ժամանակ, որը հրապարակվել է Al Arabia News պորտալում: Այն սոցցանցերի օգտատերերի մոտ բուռն քննարկումների առիթ է դարձել:
Աստվածաբանը, մեկնաբանելով իր պատասխանը, հղում է արել ոչ միայն իր գործընկերներ աստվածաբանների արտահայտություններին, այլև փորձել է հերքել Կոպեռնիկոսի և Գալիլեյի ապացույցները՝ կիրառելով «տեսողական մեթոդը»:
Այս մեթոդի էությունն այն է, որ շեյխը, ձեռքում բաժակով ջուր պահելով, սկսել է խոսել Շարջիից Չինաստան ինքնաթիռի թռիչքի մասին: Նա կոչ է արել ուսանողներին ուշադրությունը սևեռել բաժակին: Բաժակը Երկիրն է ներկայացնում, իսկ դրա վրայով պտտվող շեյխի մատը՝ ինքնաթիռը:
Եթե հանկարծ ինքնաթիռը կանգ առնի օդում, և եթե պատկերացնենք, որ Երկիրը պտտվում է հանդիպակաց ուղղությամբ, ապա Չինաստանը կմոտենա ինքնաթիռին: Իսկ եթե Երկիրը հակառակ ուղղությամբ է պտտվում, ապա ինքնաթիռը երբեք Չինաստան չի հասնի, քանի որ Չինաստանը նույնպես պտտվում է, մեկնաբանել է աստվածաբանը:
Ալ-Հայբարի զրույցը կայացել է փետրվարի 15-ին՝ մեծ գիտնական Գալիլեյի ծննդյան օրը, որին ինկվիզիցիան մեղադրել է հերետիկոսության մեջ: Գալիլեյին մեղադրել են, չնայած գիտնականը երդվել է հետ կանգնել Կոպեռնիկոսի ուսմունքից և մեղա է եկել: Սակայն նրան ցմահ բանտարկության են դատապարտել: Ավելի ուշ այն տնային կալանքով են փոխարինել:









































