Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը իր բլոգում բավական բաց մեկնաբանության էր ենթարկել Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը, գնահատել քաղաքական համակարգը՝ իշխանությամբ և ընդդիմությամբ հանդերձ: Թեև դա մասնավոր բլոգի գրառում էր, այդուհանդերձ` դժվար է կարծել, որ Լիչը չի մտածել դրա հնարավոր արձագանքի մասին: Ի վերջո` Մեծ Բրիտանիայի հարգարժան դեսպանը միանգամայն քաջատեղյակ է տեղեկատվական հասարակության զարգացման միտումներին և քաջ գիտակցում է, որ հատկապես դեսպանական բլոգների գրառումները շատ արագ են դառնում հանրային սեփականություն:
Ավելին` դեսպանը, ամենայն հավանականությամբ, հենց օգտագործել է անձնական տարածությունը, որպեսզի հայտնի մտքեր, որոնք այլ՝ դիվանագիտական-պաշտոնական տարածության մեջ կարող էին արդեն միջպետական խնդիրներ առաջացնել: Այլ կերպ ասած` Մեծ Բրիտանիայի դեսպանը դիվանագիտորեն քողարկել է իր բավական անբռնազբոս քաղաքական հայտարարությունը` այն իրացնելով անձնական տարածությամբ, բայց հասարակական-քաղաքական լայն հնչեղության համար:
Դեսպանը թե՛ Հայաստանի իշխանությանն է կասկածել ընտրակեղծարարության մեջ` կեղծված որակելով մինչ այժմ եղած ընտրությունները, թե՛ ընդդիմադիր կամ, այսպես կոչված, ընդդիմադիր «միասնական» ուժերին է կասկածել ընդդիմություն լինելու մեջ:
Էականն այստեղ, իհարկե, իշխանության պահն է, քանի որ ի վերջո` գործ ունենք դեսպանի, այսինքն` այլ երկրի գործող պաշտոնյայի հետ: Մեծ Բրիտանիայի դեսպանի գնահատականը բավական կոշտ է Սերժ Սարգսյանի համար՝ կասկածը բավական ակնառու է և ինչ-որ տեղ նույնիսկ հանդուգն:
Շատերի մոտ է հարց առաջացել, թե ինչն է պատճառը, որ Մեծ Բրիտանիան այդպես կոշտ մեկնաբանությամբ է հանդես գալիս ընտրական քարոզարշավի մեկնարկին: Գրեթե կասկած չկա, որ այդ գնահատականը դուրս է զուտ բրիտանական «անհատական» կարծիքի շրջանակից և որոշակիորեն ամբողջացնում է արևմտյան դիրքորոշումը: Այլ կերպ ասած` Արևմուտքն է կոշտ արձագանքում Սերժ Սարգսյանին: Այդ արձագանքի մոտիվները թերևս հասկանալի են: Որքան էլ որ Արևմուտքը կանաչ լույս է վառել Սարգսյանի ճանապարհին, այդուհանդերձ` հարկ է համարում նրան նախազգուշացնել, որ դա ամենևին միամտության կամ խաբվածության հետևանք չէ:
Այսինքն` Արևմուտքը Սերժ Սարգսյանին ակնարկում է, որ աջակցությունը, որը ցուցաբերվել է մինչև այժմ, և որի շնորհիվ նաև Սերժ Սարգսյանը մնաց իր պաշտոնին մինչև հերթական ընտրություն և ունեցավ հեշտ վերընտրվելու հնարավորություն, հիմնված է միանգամայն կոնկրետ խնդիրների վրա: Ընդ որում, Սերժ Սարգսյանն այդ կոնկրետ խնդիրների մասով Արևմուտքի հետ անկասկած եկել է համաձայնության:
Եվ այժմ նրան, ըստ ամենայնի, զգուշացնում են, որ այսպես ասած` հեշտ ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը հանկարծ չմտածի, թե ներքին խնդիրներ չունենալով` կարող է մոռանալ Արևմուտքի հետ համաձայնությունների մասին: Իսկ Սերժ Սարգսյանը, իհարկե, կցանկանար «մոռանալ» այդ մասին, որովհետև դրանք պարունակում են ներքին կյանքում անհրաժեշտ անելիքներ, որոնք Սերժ Սարգսյանի համար բավական ցավոտ են լինելու: Արևմուտքից, ըստ ամենայնի, նրան ներկայումս զգուշացնում են, որ առավել ցավոտ կարող է լինել չանելը:









































